Home Rector Speech
Rector Speech PDF Print E-mail

 

Մեր բուհը արդեն 10 տարեկան է: Տասը տարիներ` մաքառումի ու ձեռքբերումների տարիներ, որոնք եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային բերել են ճանաչում ոչ  միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս:

Հիմնադրվելով որպես  տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ` այսօր ակադեմիան բարձրակարգ մասնագետներ է պատրաստում  ոչ միայն   բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլև տնտեսագիտության, զբոսաշրջության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության, մանկավարժության և առողջապահության կառավարման  ասպարեզներում:

Եվրոպական ակադեմիայի ռազմավարական զարգացման ծրագրի համաձայն 2008/2009 ուսումնական տարվանից բուհը մասնաճյուղեր է բացել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, իսկ 2009/2010 ուսումնական տարվանից նաև Գավառ և Իջևան քաղաքներում:

Սեփական միջոցներից ֆինասական ներդրումներ կատարելով իրականացվել է ոչ միայն Գյումրիի, Վանաձորի, Գավառի և Իջևանի մասնաճյուղերի շենք-շինությունների լիարժեք վերանորոգումը, այլև իրականացվել է վարչական և դասախոսական ողջ անձնակազմի վերապատրաստումներ:

Եվրոպական ակադեմիան, հիմնադրվելով որպես բարձրագույն կրթություն իրականացնող կրթօջախ, այս տարիների ընթացքում դարձել է գիտակրթական հեղինակավոր հաստատություն:  2008 թվականից Ակադեմիայում բացվել և գործում է ասպիրանտուրա, ձևավորվել է հայցորդության համակարգ մի շարք մասնագիտությունների գծով: Այս տարիների ընթացքում շուրջ 100 ասպիրանտներ և հայցորդներ ուսանում են Եվրոպական ակադեմիայում:

Եվրոպական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ավելի քան 60 տոկոսը գիտական աստիճաններ և կոչումներ ունեցող հիմնական դասախոսներ են: Նրանք ակտիվորեն մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում /Իտալիա, Կանադա, Գերմանիա, Ռումինիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն/ կազմակերպված գիտակրթական  համաժողովներին, սեմինարներին: Պարբերաբար Ակադեմիայի հարկի տակ դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, ինչպես նաև  պրոֆեսորներ գործընկեր բուհերից:

Վերջին տարիներին Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ են շնորհվել Ակադեմիայի բազմաթիվ դասախոսների, որոնք միջազգային ճանաչում ունեցող գիտական ուղղությունների հեղինակ են, ինչպես նաև բուհի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեցող բարեփոխումների նախաձեռնող: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդեն իսկ հրատարակվել են Եվրոպական ակադեմիայի գիտական տեղեկագրի երկու համարները, տպագրման է նախապատրաստվում հերթական համարը: Այստեղ ուսումնառությունն իրականացվում է եվրոպական և ազգային կրթական համակարգերի փոխարդյունավետ զուգակցման սկզբունքով, իսկ դասավանդումը և ուսանողների գիտելիքների գնահատումը` միջազգային առաջատար մեթոդների կիրառմամբ: Ակադեմիայի կրթական ծրագրերում մասնագիտական դասընթացներին զուգահեռ նախատեսված է երեք օտար լեզուների` անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի ուսուցում: Ուսումնառության երրորդ տարվանից մասնագիտացման բոլոր առարկաները  դասավանդվում են անգլերենով: Հարուստ է Եվրոպական ակադեմիայի նյութատեխնիկական բազան: Եվրամիության տեխնիկական աջակցման ծրագրերի շրջանակներում Ակադեմիայում իրականացվել է վարչական և դասախոսական ողջ անձնակազմի վերապատրաստումներ թե Հայաստանում, թե արտերկրում, ձևավորվել են ժամանակակից համակարգչային լսարաններ համալրված նորագույն համակարգիչներով և դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև արագագործ և բարձրորակ ինտերնետային կապով:

Եվրոպական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում այն եզակի բուհերից է, ուր մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն ուսանողի ուսումնառության որակի ապահովմանը, այլ նաև նրա սոցիալական խնդիրների աջակցմանը: Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ` պարոն Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ 2002 թվականից գործում է ուսման վարձավճարի զեղչերի աստիճանական համակարգ` պայմանավորված ուսանողի տարեկան առաջադիմության արդյունքներով: Յուրաքանչյուր մասնագիտության գծով  հատկացվում են վարձավճարի` 25, 50, 75 և 100 %-ով զեղչեր: Ակադեմիայի գործունեության ընթացքում  ավելի քան 1015 ուսնողների Ակադեմիայի սեփական բյուջեից հատկացվել են ուսման վարձավճարի փոխհատուցման զեղչեր:

Մեր տասնամյա ակադեմիան անընդհատ որոնումների, նորի, լավագույնի փնտրտուքի մեջ է. այն շարունակ ձգտում է ընդլայնել կրթական ու համագործակցության աշխարհագրությունը: 2009թ.-ի մարտին Եվրոպական ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս Մարսել2 համալսարանների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, առողջապահության կառավարման համատեղ ֆակուտետ հիմնելու վերաբերյալ: Համագործակցության շրջանակներում հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում կրթությունը շարունակել Ֆրանսիայում, վերապատրաստման և փորձի փոխանակման միջոցով զարգացնել Եվրոպական ակադեմիայի վարչական և կրթական կարողությունները: Հպարտ եմ այսօր նշելու, որ այս տարի Ակադեմիայի առողջապահության կառավարման մագիստրոսներին շնորհվել են երկու պետությունների դիպլոմներ:  Այս համագործակցությունը լավ հնարավորություն է հայ ուսանողների համար իրենց կրթությունը շարունակել Ֆրանսիայում, ստանալ ֆրանսիական դիպլոմներ, վերապատրաստման  և փորձի փոխանակման միջոցով զարգացնել Եվրոպական Ակադեմիայի վարչական և կրթական կարողությունները:

Մեր ուսանողներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումներին, օլիմպիադաներին, տարածաշրջանային երիտասարդական մրցույթներին, գիտագործնական սեմինարներին ու առաջնակարգ տեղեր գրավում` արժանանալով մրցանակների ու խրախուսանքների: Վերջին տարիներին Ակադեմիայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգև մրցույթին:: Այս ամենը փաստում են, որ Ակադեմիայում մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների մասնագիտական պատրաստականության, դաստիարակության խնդիրներին: Բավական է նշել միայն, որ բակալավրի կրթական ծրագրով շուրջ 1500 շրջանավարտների 18 տոկոսը բուհն ավարտել է գերազանցության դիպլոմով: 500 մագիստրոսներից 25 տոկոսին շնորհվել է մագիստրոսի գերազանցության դիպլոմ: Ակադեմիայի հարկի տակ իրենց ուսումն են  շարունակում բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով  ուսանողներ ու ասպիրանտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ավելի քան 13 տարբեր պետություններից, այդ թվում  Իրանից,  Վրաստանից, Ռուսաստանից:

Ուսումնառության ընթացքում ձեռք բերած հենքային գիտելիքները և մասնագիտական հմտություններն Ակադեմիայի շրջանավարտներին մրցունակ են դարձնում աշխատուժի շուկայում: Շրջանավարտների շուրջ 70 տոկոսը աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, այնպես էլ միջազգային ճանաչում վայելող ձեռնարկությունների հայաստանյան կամ արտասահմանյան ներկայացուցչություններում: Ակադեմիայի լավագույն շրջանավարտները շարունակում են իրենց ուսումնառությունը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի և ԱՄՆ-ի առաջատար բուհերում:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանին և հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, եվրոպական մեր բոլոր գործընկերներին, այն բոլոր մարդկանց, ում աշխատանքի նվիրումի և սիրո ծնունդն է այսօր Եվրոպական ակադեմիան: Այսօր եվրոպական ակադեմիան իր նշանակալի տեղն ու դերակատարումն ունի անկախ Հայաստանի գիտակրթական համակարգում:

Հարգելի բարեկամներ, բոլորիս շնորհավորելով հարազատ բուհի հիմնադրման տասնամյա հոբելյանի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, աշխատանքային մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության,  Հայաստանի գիտության ու կրթության:

Ռեկտոր` Անդրանիկ Ավետիսյան